Մխիթարյանի գոլային «վերադարձը» «Մանչեսթեր». գոլը չփրկեց պարտությունից

Հայաստանի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքը ապաքինելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց «Արսենալի» կազմում ու գրավեց նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Sputnik

Սկզբունքային մրցակիցների մրցավեճը հետաքրքիր ինտրիգ ուներ` կապված ոչ միայն այս խաղի հետ, այլ նաև շատ այլ գործոնների: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» կարելի է ասել, որ ձախողել են այս մրցաշրջանը, բայց երկու թիմերն էլ դեռևս կարող են տիտղոս նվաճել:

Կարծում եմ` հայ ֆուտբոլասերի համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես կդիմավորի «Օլդ Տրաֆորդը» հայ կիսապաշտպանին, որը հեռացել էր «Մանչեսթերից» ընդամենը երեք ամիս առաջ: Այդ առումով Մխիթարյանը որևիցե խնդիր չունեցավ: Հենրիխին «Մանչեսթերում» սիրում և հարգում են: Ու նույնիսկ նրա խփած գնդակից հետո հայ ֆուտբոլիստին ուղղված սուլոցներ չհնչեցին:

Հենոն գոլ խփեց

Շատ հետաքրքիր հակամարտություն էր սպասվում մրցակից կողմերի 7 համարի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստների միջև: Չէ՞ որ «Արսենալից» էլ հակառակ ուղղությամբ տրանսֆեր իրականացրեց Ալեքսիս Սանչեսը, որը երկար ժամանակ զինագործների առաջատարն էր համարվում: Ինչ-որ կոնկրետ պայքար երկու ֆուտբոլիստների միջև, իհարկե, սպասել պետք չէր: Բայց, անկասկած, ոմանք խաղից հետո քննարկելու են Մխիթարյանի ու Սանչեսի գործողությունները` համեմատելով ֆուտբոլիստների ցույց տված խաղը:

Նախևառաջ Մխիթարյանը միանշանակ լավ մարզավիճակում չէր կարող լինել, որովհետև մոտ մեկ ամիս շարքից դուրս էր մնացել ԲԿՄԱ-ի խաղից հետո: Իսկ Սանչեսը հակառակը` մասնակցել էր «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր խաղերին: Բացի այդ էլ «Արսենալը» մրցակցի հարկի տակ խաղերում այս մրցաշրջանում, մեղմ ասած, վատ է խաղում: Սակայն Հենրիխը վատ խաղ չանցկացրեց: Հայ ֆուտբոլիստն իր վարպետության ու փորձի շնորհիվ շատ լավ համագործակցում էր իր խաղընկերների հետ ու հանդիպման 51-րդ րոպեին էլ դարձավ պատասխան գոլի հեղինակը` դիպուկ հարվածով գրավելով աշխարհի լավագույն դարպասապահներից մեկի՝ Դավիդ Դե Խեայի դարպասը:

Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է Հենրիխին` նախկին թիմի դարպասը գրավելու կապակցությամբ

Հենրիխը խաղադաշտում անցկացրեց 75 րոպե և նրա գործողությունները այս ժամանակահատվածում միանշանակ մեծ օգուտ բերեցին «Արսենալին»: Իսկ Մեսութ Օզիլի բացակայության պայմաններում Մխիթարյանի խաղը, բնականաբար, հույժ կարևոր էր զինագործների համար: Բացի այդ էլ Արսեն Վենգերն իր թիմին նախապատրաստում է Եվրոպայի լիգայի շրջանակում «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղին, այնպես որ թեկուզ և սկզբունքային խաղ էր, բայց ավելի կարևոր խաղ «Արսենալին» սպասվում է մայիսի 3-ին: Ու այդ խաղի արդյունքից է կախված` արդյո՞ք «Արսենալը» կկարողանա տիտղոս նվաճել այս մրցաշրջանում, որը, ինչպես գիտեք, վերջինն է լինելու մարզիչ Արսեն Վենգերի համար:

Ժոզե Մոուրինյոյի համար էլ այս խաղը ամենակարևորը չէր: Դժվար թե «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնա անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն քառյակից, ինչը հնարավորություն է տալիս հանդես գալու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում («Արսենալը» կորցրել է նման հնարավորությունը, եթե չհաղթի Եվրոպայի լիգայի խաղարկությունում): Միակ տիտղոսը, որը կարող է նվաճել «Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի գավաթն է, որի խաղարկության եզրափակիչում մանկունյանցիները մրցելու են «Չելսիի» հետ:

Որպես հետգրում նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը իր նախկին թիմի դարպասը օգուտ չբերեց «Արսենալին», քանի որ ավելացված ժամանակի առաջին րոպեին Մառուան Ֆելաինին հաղթանակ բերեց Մոուրինյոյի թիմին 2:1 հաշվով: Իսկ մեզ համար կարևորը Մխիթարյանի արդյունավետ վերադարձն էր։ Հուսով ենք, որ հայ ֆուտբոլիստի հաջողությունը շարունակություն կունենա: