Սարգսյան. «Երևանի ցույցերը տարիների ընթացքում արձանագրված խնդիրների հետևանք են»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC –ին և խոսել Հայաստանում ընթացող իրադարձությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, որոնք կարող են արտահայտել իրենց կարծիքը, BBC News-ին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով` որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ:

«Ամենից առաջ պետք է նշեմ, որ ես Սահմանադրության պահպանման երաշխավորն եմ: Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների հետևանք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը: Շատ գործոններ, ինչպես նաև երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»,- ասել է Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ ինքն ունի մեծ դերակատարում՝ հորդորելու յուրաքանչյուրին Սահմանադրության համաձայն գտնել լուծումներ այս ճգնաժամում:

Սարգսյանը երախտիքի խոսք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին։

Ինչպես են ցուցարարները փակել Երևանի կենտրոնական փողոցները. տեսանյութ

«Այլ երկրներում ու այլ ժամանակներում նախագահները պայքարում են իրենց քաղաքական կարիերայի համար մինչև վերջ, բայց նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց խիզախություն ու հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»,-ասել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացնում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

ՀՅԴ–ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Նիկոլ Փաշինյանին։ Գագիկ Ծառուկյանը որոշել է սատարել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուին։