ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը, կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ անդունդից դուրս են բերել 3 վիրավորներին, որոնց տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գահավիժել անդունդը:
Ըստ կայքի` տուժածները Երևան քաղաքի բնակիչներ են` 35-ամյա Վիկտոր Միխայլովը, 38-ամյա Անահիտ Զաքարյանն ու 43-ամյա Արման Երիցյանը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մասնագիտությամբ օպերատոր է, մեկը՝ ռեժիսոր, մեկն էլ՝ ադմինիստրատոր:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ ավտոմեքենայում նաև շուն է եղել։ Երբ մեքենան գահավիժել է անդունդ, շունը դուրս է եկել ճանապարհ և իր հաչոցներով գրավել վարորդների ուշադրությունը, և երբ վարորդները ավտոմեքենաները կայանել են ու մոտեցել շանը, շունը վազել է դեպի վթարի վայր, այդ ժամանակ վարորդները նկատել են անդունդում գլխիվայր հայտնված ավտոմեքենան ու վիրավորներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: