Հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնել արցախցիների կարծիքը. Զատուլին

ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամը կարծում է, որ սխալ էր Արցախը հանել բանակցային ֆորմալ գործընթացից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է տրվի` հաշվի առնելով բնակիչների կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի համար Հայաստանում իշխանության ընտրության ապօրինի ճանապարհն անընդունելի է

«Համոզված եմ` Լեռնային Ղարաբաղի ձայնը պետք է հաշվի առվի։ Չեմ կարծում, որ ճիշտ էր ժամանակին բացառել Լեռնային Ղարաբաղին ֆորմալ բանակցային գործընթացից», – ասաց Զատուլինը։

Հիմա, նրա խոսքով, այդքան էլ հեշտ չի լինի վերականգնել դա։ Միաժամանակ, պատգամավորը համոզված է, որ Արցախի ձայնը պետք է լսելի լինի։

Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Մոսկվան դեմ է ցանկացած էքսպերիմենտներին ու ռազմական ռևանշի փորձերին։

Հիշեցնենք` այս օրերին Երևանում են գտնվում Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրա տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ՌԴ Դաշնային ժողովի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը և այլ խորհրդարանականներ։

Ուրբաթ նրանք հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ` պատրաստակամություն հայտնելով ստեղծված իրավիճակը քննարկել նաև խմբակցությունների ղեկավարների հետ։