Հայաստանի` Tax free համակարգով աշխատող խանութներում կտրուկ նվազել է գնումների ծավալը

Tax free հաշիվներով վերադարձված գումարների նվազումը հիմնականում պայմանավորված է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աննախադեպ կրճատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ Tax free հաշիվներով 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում վերադարձվել է ավելացված արժեքի հարկի 232 միլիոն 159 հազար դրամ գումար:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանն ասաց, որ ցուցանիշն անցած տարվա համեմատ գերազանցել է 146 միլիոն 139 հազար դրամով կամ 169,9 տոկոսով:

Մայիսյան տոներին Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը կնվազի. ի՞նչն է վախեցրել զբոսաշրջիկին

«Եթե 2018 թվականի մարտին օտարերկրյա քաղաքացիներին վերադարձվել է 144 միլիոն 346 հազար դրամ, ապա ապրիլին՝ ընդամենը 11 միլիոն 384 հազար դրամ»,-ասաց նա:

Tax free հաշիվներով վերադարձված գումարների նվազումը հիմնականում պայմանավորված է ներգնա զբոսաշրջային այցելությունների թվի աննախադեպ կրճատմամբ:

«Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ եթե Tax free գնումները կրճատվել են տասն անգամ, ապա զբոսաշրջիկների քանակությունն էլ է այդքան կրճատվել։ Թեև հայտնի դեպքերի պատճառով նրանց հոսքն իսկապես կրճատվել է։ Հույս ունենք, որ մայիսին իրավիճակը կշտկվի, և զբոսաշրջիկներին նորից կգրավեն մեր խանութները»,- ավելացրեց Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից զբոսաշրջիկների համար դյուրացրել են ԱԱՀ-ի վերդարձման կարգը Հայաստանի tax free համակարգով աշխատող խանութներից։ Եթե նախկինում դրա համար անհրաժետ էր օրական 100 հազար դրամի կտրոն ներկայացնել, ապա հունվարի 1-ից գումարի նվազագույն շեմ էր սահմանվել 50 հազար դրամը։ Հարկը հնարավոր է հետ ստանալ սահմանին` երկրից դուրս գալու պահին։