ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ու բանակցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին նա հայտարարեց այսօր Իջևանում կայացած հանրահավաքում։
«Բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում։ Բայց մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք օր առաջ այս խնդիրը լուծել, վերջացնել։ Եթե կան բարդություններ բանակցությունների այս կան այն ֆորմատի հետ կապված, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել Աժ խորհրդարանական ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ։ Այսինքն` պատրաստ ենք հանդիպել պատգամավորների հետ մի սենյակում և քննարկել իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրաց կարծիքները»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ պատրաստ է հանդիպել խորհրդարանական մյուս բոլոր խմբակցությունների հետ ևս, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Փաշինյանը կոչ արեց խորհրդարանական բոլոր ուժերին ու պատգամավորներին փակել ատելության ու անհանդուրժողականության էջը, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ծառայություն մատուցել հաղթանակած ժողովրդին։
Հիշեցնենք, ապրիլի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր վարչապետ Սերժ Սարգսյանի ու կառավարության հրաժարականը։ Նոր վարչապետի ընտրության նպատակով ԱԺ հատուկ նիստը նշանակված է մայիսի 1-ին, ժամը 12։00։ Խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն ունեն վարչապետի իրենց թեկնածուներին առաջադրելու մինչև ապրիլի 30-ը, ժամը 18։00-ը։