Հայաստանի իշխանությունը չի դիտարկում երկրում ստեղծված իրավիճակի ուժային լուծում

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշեց` քանի դեռ ցույցերը խաղաղ բնույթ են կրում, իշխանությունը ուժի կիրառման տարբերակը չի դիտարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանի իշխանությունը չի պատրաստվում ուժային գործողությունների գնալ ցուցարարների դեմ։ Այսօր մամուլի ասուլիս ժամանակ ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Մենք ի սկզբանե բացառում ենք ուժային միջոցները։ Մենք նախատեսում էինք դա միայն անկարգությունների դեպքում, որոնք սպառնում են քաղաքացիների առողջությանը և կյանքին ու ազգային անվտանգությանը», — ասել է Հարությունյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդունել է իր սխալներն ու կոչ է արել չկրկնել դրանք

Նրա խոսքով` հիմա այդ հնարավորությունը չի դիտարկվում։ Հարությունյանն ընդգծել է, որ ցանկացած խաղաղ ցույց կյանքի իրավունք ունի։

Դրանց դադարեցնելու հարցը կդրվի իշխանությունների առջև միայն այն դեպքում, եթե դուրս գան խաղաղ ցույցների շրջանակից։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։