Պոլոնեզ` Լուկաշենկոյի նվերը Ալիևին. Մինսկը լարում է հարաբերությունները ՀԱՊԿ անդամների հետ

Բելառուսի ու Ադրբեջանի հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն, ու բավականին առաջընթաց բնույթ են կրում։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Բելառուսի ղեկավարությունը վերջերս որոշում է  կայացրել Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր մատակարարել։ Շատ փորձագետների մոտ դա հարցեր է առաջացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Մինսկի քաղաքականության վերաբերյալ։ Հայտնի է` Հայաստանն ու Բելառուսն այդ ռազմաքաղաքական միության անդամ են,  սակայն դա չի խանգարում Մինսկին այդ սարսափելի զենքը մատակարարել Ադրբեջանին, որը Հայաստանի հետ հակամարտության մեջ է։

«Ահա և հետևանքը». Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խոսել է Հայաստանի մասին

Բաքվում չեն թաքցնում, որ դիտարկում են «Պոլոնեզները» որպես «Իսկանդեր» համալիրների «հակաթույն»։ Հայկական բանակն իր «Իսկանդերներ» ունի։ Ու թեև ռազմավարական ու տակտիկական բնութագրերով ու խնդիրներով բելառուսական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ) դժվար թե կարողանան դիտարկվել որպես պատասխան «Իսկանդերին», այնուամենայնիվ «Պոլոնեզները» բավականին տհաճ անակնկալ են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Ինչով է պայմանավորված Մինսկի նման պահվածքն ու արդյո՞ք Ռուսաստանը, որը շահագրգռված է արցախյան հակամարտության տարածաշրջանում ուժերի հավասարությամբ, որևէ կերպ կարող է հակազդել այդ մատակարարումներին։ Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևի կարծիքով` Բելառուսի ու Ադրբեջանի հարաբերությունները սեփական տրամաբանությունն ունեն, ու բավականին առաջընթաց բնույթ են կրում։

«Ընդհանրապես, Մինսկը սեփական քաղաքականությունն է վարում` իր մասնակցությամբ ինտեգրացիոն կառույցներում, որոնք Մոսկվան առաջ է տանում հետխորհրդային տարածքում` ներառյալ ՀԱՊԿ–ն ու Եվրասիական տնտեսական միությունը։ Մենք գիտեքն, որ ռուս–բելառուսական հարաբերություններում նույնպես խնդիրներ կան», –  նշեց նա։

Տհաճ անակնկալ Երևանի համար. արդյո՞ք Բաքուն բելառուսական «Պոլոնեզ» կունենա

Արեշևը ուշադրություն դարձրեց, որ վերջերս Ալեքսանդր Լուկաշենկոն Թբիլիսի էր այցելել ու այնտեղ որոշ հայտարարություններ էր հնչեցրել։  Այդ հայտարարություններն այնքան էլ համահունչ չեն տարածաշրջանայի իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի տեսակետին։ Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաքում բելառուս առաջնորդը մասնավորապես կողմ է արտահայտվել երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ ու հայտնել է, որ Աբխազիան «չգիտես ինչի են վերածել»։

Փորձագետի խոսքով` նույնը տեղի է ունենում նաև Մինսկ–Երևան–Բաքու եռանկյունում։ «Ես միշտ ափսոսանք էի հայտնում, որ բարձր կործանիչ ուժ ունեցող հարձակողական զենք է մատակարարվում տարածաշրջան։ Համոզված եմ, որ այդ մատակարարումները չեն նպաստում իրավիճակի կայունացմանը», – ասում է Արեշևը։

Նրա խոսքով` այն, որ Ադրբեջանը բելառուսական ՀԿՌՀ է ստանալու, կստիպի Հայաստանին իր  պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցներ կիրառել։ Միաժամանակ, նա ենթադրում է, որ Երևանը կարող էր հենց նույն ՀԱՊԿ–ի շրջանակում կամ երկկողմանի հայ–բելառուսական ձևաչափով բարձրացնել  զենքի մատակարարման հարցը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը` փորձագետը դժվարանում է պատասխանել այն հարցին, արդյո՞ք Մոսկվան որևէ կերպ կհակադարձի «Պոլոնեզի» մատակարարումներին։

Փորձագետ. «Իսկանդերի» հետ չի կարող մրցակցել անգամ ԱՄՆ–ն

«Ամեն դեպքում Մոսկվան դժվար միջամտի Մինսկի ու երրորդ կողմի հարաբերություններին», – ամփոփեց մեր զրուցակիցը։

Հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրին` «Կոմերսանտ» թերթն ավելի վաղ գրել էր, որ Մինսկը «Պոլոնեզ» համակարգերը կարող է առաքել արդեն այս տարվա ընթացքում։ Աղբյուրը չի նշել պատվիրատուի անունը, սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչներն ասում են, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։ Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում` դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։