ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանում գտնվող ռուսաստանցի պատգամավորները հայ գործընկերների հետ հանդիպմանն այսօր քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների հետ ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում կարևորվել է ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:
Ռուսաստանցի պատգամավորական պատվիրակության հետ երկօրյա հանդիպումների ընթացքում Հայաստանում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Իսկ մինչև այդ` ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը: