ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հնարավոր է` Ռուսաստանը զգուշացրել է Ադրբեջանին, որ նրանք զերծ մնան Արցախում որևէ գործողություններից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով շփման գծում էսկալացիայի հնարավորությունը։
Նրա խոսքով` Բաքվում ընթացող «Ֆորմուլա 1» մրցումների ֆոնին Ադրբեջանի կողմից սադրանքներ քիչ հավանական են։
«Մյուս կողմից էլ` Մոսկվան ասես զգուշացրել է Ադրբեջանին, որ ոչ մի գործողություն չձեռնարկի։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների սկզբին Ադրբեջանը զինված ուժերը կենտրոնացրել էր շփման գծի մոտ և ուզում էր սադրանքի գնալ։ Հետո խնդիրն ասես անհետացավ», – նշեց Բոզոյանը։
Նա նշում է, որ այս պահին Արցախում որևէ վտանգ չկա։
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխության դեպքում դժվար թե արցախյան խնդրի հարցում լուրջ փոփոխություններ լինեն ու բանակցային գործընթացը վերականգնվի։
«Իրավիճակին հարմարվելու համար որոշ ժամանակ է պետք։ Բոլորը հասկանում են, որ բանակցությունների վերականգնումը մոտակա ժամանակի բան չէ», –նշեց Բոզոյանը։
Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ «դժվար պահին Ռուսաստանը Հայաստանին չի թողնի»։ Նրա խոսքով` դա գիտեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում։
Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։
Հաջորդիվ «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։
Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։
Ժողովրդի թեկնածուին պաշտպանելու հայտարարությամբ ապրիլի 28–ին հանդես եկավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Իսկ ՀՅԴ–ն հայտարարեց, որ, ՀՀ վարչապետի ընտրության հարցում ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։