Թրամփը «օրհնել» է Ալիևին ու հիշել Արցախի մասին

Թեև Ադրբեջանի իշխանությունը սահմանափակում է ԶԼՄ–ների ազատությունն ու հետապնդում է քաղաքական ընդդիմադիրներին, Վաշինգտոնը Բաքվին արժեքավոր գործընկեր է համարում Եվրոպայի «էներգետիկ անվտանգության» ապահովման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱՄՆ–ի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ երբեք չի հեռացել պրագմատիզմի սկզբունքից ու չնայած ժամանակ առ ժամանակ առաջացող խնդրահարույց իրավիճակներին ու անհարթություններին, այդ հարաբերությունները բավականին կայուն են զարգանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր ադրբեջանցի գործընկերոջը նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ` պատրաստակամություն հայտնելով աշխատել Իլհամ Ալիևի հետ արցախյան հակամարտության կարգավորման հարցով։

Ինչո՞ւ Թրամփը խուսափեց արտասանել «ցեղասպանություն» եզրույթը. թուրքական «քայլերթը»

Թամփը համոզմունք է հայտնել, որ կողմերը կարող են համատեղ առաջընթացի հասնել ահաբեկչության դեմ պայքարում, նոր աշխատատեղերի ստեցծման ու Եվրոպայի էներգետիկ անվտանգության լավացման հարցում։

«Այս ջանքերը ներդրում կունենան կոռուպցիայի դեմ պայքարում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում», – հավելել է Թրամփը։

Մինչդեռ Տոնոյանը նշում է, որ շնորհավորանքը բավականին ուշացած է, հաշվի առնելով, որ նախագահական ընտրություններն ապրիլի 11–ին են կայացել։ Դա մի քիչ տարօրինակ է, և հնարավոր է, ցույց է տալիս Բաքվի հանդեպ ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունները։

Ինչ վերաբերում է արցախյան կարգավորմանը` ապա Թրամփի ուղերձի մեջ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից մեկն է, որը հակամարտության լուծման միջնորդի առաքելություն է իրականացնում։ Տոնոյանը կարծում է, որ ԱՄՆ–ն այս հարցում միշտ ակտիվ են եղել։

Իլհամ Ալիևը ձայների մեծամասնությամբ վերընտրվեց նախկին պաշտոնում

Ինչո՞վ է ղեկավարվում Վաշինգտոնը Բաքվի հետ համագործակցության հարցում` նավթով, թե՞ մարդու իրավունքներով։ Մեր զրուցակցի կարծիքով` ամերիկա–ադրբեջանական օրակարգում երկու գործոնն էլ կա, և՛ ժողովրդավարությունը, և՛ էներգետիկան։ Եվ դրանք միայն առաջին հայացքից են հակասում միմյանց։ Փորձը ցույց է տալիս, որ չնայած ԶԼՄ–ների ազատության սահմանափակումներին, անկախ լրագրողների ու քաղաքական ընդդիմադիրների հետապնդումներին Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից, Վաշինգտոնը Ադրբեջանին արժեքավոր գործընկեր է համարում Եվրոպայի «էներգետիկ անվտանգության» ապահովման հարցում։

Միաժամանակ «նավթի տակառը» խանգարում է, որ ամերիկացիները խոսեն Ադրբեջանի ներքաղաքական խնդիրների մասին։

Արտյոմ Տոնոյանը նշեց նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի մասին ավելի շատ բարձրաձայնում են եվրոպական երկրներն ու կազմակերպություններ, քան ամերիկացիները։