ԶԼՄ-ները Փաշինյանի մասին կեղծ տեղեկություն էին տարածել Ռուսաստանի հայերի միության անունից

Կեղծիքը բացահայտելը հեշտ էր, բավական էր միայն ուշադիր նայել, թե ով է այդ հաղորդագրությունն ուղարկողը։ Սակայն որոշ հայկական ԶԼՄ-ներ խայծը կուլ տվեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայկական ԶԼՄ-ներին ուրբաթ հաղորդագրություն էին ուղարկել Ռուսաստանի հայերի միության անունից, որում կոչ էր արվում «Հայաստանի փաստացի իշխանություններին» երկրում իշխանությունը փոխանցել «ժողովրդի փաստացի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանին։

Մենք Ռուսաստանի թշնամին չենք և մեր երկրի թշնամին չենք, որ գնանք ոչ խելամիտ ճանապարհներով

Նամակն ուղարկվել էր sarfinfo@mail.ru էլեկտրոնային հասցեից, որը տարբերվում է Ռուսաստանի հայերի միության էլեկտրոնային հասցեից միայն մեկ տառով (իրականը` sarinfo@mail.ru), իսկ նամակում Ռուսաստանի հայերի միության փոխարեն գրված էր «Ռուսաստանում հայերի միություն»։

«Ռուսաստանի հայերի միության» համառուսաստանյան ՀԿ-ի փոխնախագահ Լևոն Մուկանյանը Sputnik Արմենիային հաստատեց, որ Ռուսաստանի հայերի միությունը նման հայտարարություն չի տարածել։

«Տվյալ հայտարարությունը, որն իբրև ուղարկվել է Ռուսաստանի հայերի միությունից, կեղծ է», — նշեց նա։

Որոշ ԶԼՄ-ներ տեղադրել են այդ հայտարարությունը` դրան կցելով Ռուսաստանի հայերի միության տարբերանշանը, որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ հասցրել էին թարգմանել այն և հրապարակել հայերենով։