ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՌԴ-ն որպես միջազգային իրավունքը հարգող սուբյեկտ չի միջամտելու այլ երկրի գործերին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, թե տեղյակ չէ` ինչ նպատակով էին Մոսկվա մեկնել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը։ Նա միայն կարծիք հայտնեց, թե այդ քայլը նպատակ ուներ տպավորություն ստեղծելու, թե Հայաստանում աջակցություն չունեն, բայց ունեն այլ տեղ։
«Կարեն Կարապետյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե դրսից աջակցություն ունի։ Բայց ես վստահ եմ, որ սա զուտ Հայաստանի գործն է, և ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն և ո՛չ էլ որևէ այլ երկիր նման բան չեն անի»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Ռուսաստանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները երկրի ներքին գործն է։