Նիկոլ Փաշինյանը հանդիպել է դաշնակցականների հետ. ի՞նչ են քննարկել

«Իմ քայլը» շարժման առաջնորդը գրել է, թե ինչի մասին են խոսել հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնում է, որ ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը կայացել է երեկ` ապրիլի 26-ին։

«Երեկ երեկոյան հանդիպում ունեցա ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ»,- գրել է նա։

Ըստ Փաշինյանի` քննարկել են ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակը և լուծման հնարավոր ուղիները։

Ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական ներկայացրին

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։