Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե ինչ հարցեր են քննարկել Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը երեկ մոտ հինգ ժամ անցկացրել է Սերժ Սարգսյանի առանձնատանը: Քննարկման հիմնական թեման եղել է մայիսի 1-ին ԱԺ արտահերթ նիստում վարչապետի ընտրության հարցը, թե ինչպես անեն, որ ՀՀԿ-ից որևէ մեկը չնպաստի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, այլ ընտրի Կարապետյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՀԿ-ում այս օրերին տիրող տրամադրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս իշխանության ղեկին գտնվող խորհրդարանական խմբակցության ներսում այնքան էլ միահամուռ չեն Կարեն Կարապետյանին աջակցելու հարցում»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` չի բացառվում, որ ՀՀԿ-ն վերջին պահին պարզապես ձախողի այդ ընտրությունները, որպեսզի որևէ մեկը չընտրվի վարչապետ, և արտահերթ ընտրությունների գնան՝ մնալով իշխանության ղեկին: Թեև ՀՀԿ-ում այլևս չեն կարող նախկինի նման օգտագործել լծակները: Հույս ունեն՝ երեկվանից սոցիալական ցանցերում ընդդիմության դեմ սանձազերծած զրպարտչական բնույթի քարոզչական հարձակումով ինչ-որ արդյունքի հասնել: