ՊԵԿ պաշտոնատար անձինք յուրացրել են չհայտարարագրված ապրանքը. հարուցվել է քրեական գործ

Չհայտարարագրված ապրանքով ավտոմեքենան Գեղարքունիքի մարզ տեղափոխելու ճանապարհին մի շարք անձինք կազմակերպել են դրա բեռնաթափումն ու ապրանքների տնօրինումը, իսկ ավտոմեքենան հետագայում դատարկ վիճակում ի պահ է հանձնվել մաքսային տերմինալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել մաքսային տեսուչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի վարչությունից։

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Գ.-ն իր բեռանատար ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսակետով արտահանել է ավելի քան 16 տոննա միրգ, ձկնեղեն ու խեցգետին որսալու սարքավորումներ: Սակայն մինչև արտահանումը Ա. Գ.-ն հայտարարագրել է միայն միրգը, իսկ մնացած ապրանքների վերաբերյալ հայտարարագրում որևէ նշումներ չի կատարել` նպատակ ունենալով դրանք արտահանել քողարկված եղանակով:

Երևանցիները տերմինալ են գողացել Վեդիում ու բռնվել դեպքից ժամեր անց

Բագրատաշենի մաքսակետում հսկողություն իրականացնող մաքսային տեսուչներն էլ, ստանալով արտահանման ենթակա հայտարարագրված ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը, թույլ են տվել նշված ավտոմեքենայի բացթողումը մաքսային կետից` առանց դրանում առկա բեռը զննելու: Հետագայում Վրաստանի համապատասխան ծառայությունների կողմից հայտնաբերվել են Ա. Գ.-ի կողմից չհայտարարագրված եղանակով արտահանված ապրանքները, ինչի արդյունքում արգելվել է դրանց բեռնափոխադրումը:

Դրանից հետո Բագրատաշենի մաքսակետի տեսուչների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, սակայն չհայտարարագրված եղանակով ՀՀ-ից արտահանված բեռը որևէ անձի կամ կազմակերպությանը սահմանված կարգով ի պահ հանձնելու փոխարեն մաքսային տերմինալին ի պահ է տրվել միայն դատարկ բեռնատար ավտոմեքենան: ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ ավտոմեքենան Գեղարքունիքի մարզ տեղափոխելու ճանապարհին մի շարք անձինք կազմակերպել են դրա բեռնաթափումն ու ապրանքների տնօրինումը, իսկ ավտոմեքենան հետագայում դատարկ վիճակում ի պահ է հանձնվել մաքսային տերմինալին:

Հաշվի առնելով, որ հիշյալ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, այն քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: