ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Վերջնագրերի, պարտադրանքների մենք չենք գնալու։ Այսօր լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով առավոտյան նախատեսված ու չկայացած Փաշինյան-Կարապետյան բանակցությունները, նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը։
«Նման ֆորմատի այսպես կոչված բանակցության մենք ոչ մի անգամ չենք գնա»,- ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ քաղաքական ուժերին պետք է նստել կլոր սեղանի շուրջ։
Իսկ բանակցության հրավերը ՀՀԿ ներկայացուցչի խոսքով մնում է բաց։
«Բանակցությունները հայտարարված են, երբ քաղաքական ուժերը կտան իրենց համաձայնությունը, մենք պատրաստ ենք բանակցել»,- ասել է նա։
Այսօր ժամը 12։00-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպման ու բանակցությունների էր հրավիրել Կարեն Կարապետյանին։ Կարապետյանը, սակայն, մերժել էր` հրաժարվելով բանակցել լրագրողների ներկայությամբ։
Չկայացած հանդիպման փոխարեն Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողներին ու պատասխանեց նրանց հարցերին։
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը մերժել էր նաև ապրիլի 25-ի բանակցությունների առաջարկը` պատճառաբանելով, որ ընդդիմությունը միակողմանի պայմաններ է թելադրում` ընտրելով բանակցությունների ձևաչափը։