«Գազպրոմ Արմենիան» պարզաբանում է` պլանային աշխատանք է իրականացնում

Վերջին օրերին գազամատակարարման անջատումների մասին ավելի հաճախ են գրում համացանցում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է, թե ինչով են պայմանավորված անջատումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված կարգով: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը հեռուստատեսությամբ նախապես տեղեկացրել էր բաժանորդներին:

«Ընդգծում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է իր ամենօրյա գործառույթները, այդ թվում գազաբաշխիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքները՝ բաժանորդների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումն ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ընդգծում է, որ բոլոր պալանային աշխատանքներն իրականացվում են «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված ժամկետներում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը, «Գազպրոմ» ՀԲԸ–ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է: