Դաշնակցությունը պատրաստ է քվեարկել վարչապետի միասնական թեկնածուի օգտին

ՀՅԴ–ն ստեղծված իրավիճակում ելք է առաջարկում և այդ կապակցությամբ հայտարարությամբ է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի- Sputnik. Ստեղծված քաղաքական իրավիճակից ՀՅԴ-ն սեփական ելքն է առաջարկում` միավորվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, որը պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»,- նշված է ՀՅԴ առաջարկում։

Այս նախաձեռնությունն իրականացնելու համար ՀՅԴ-ն պատրաստակամություն է հայտնել քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Մայիսի 1-ին, ժամը 12։00 ԱԺ-ում նախանշված է ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրության հատուկ նիստ։ Մինչև ապրիլի 30-ը, ժամը 18։00-ն խորհրդարանական խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեն։ Վարչապետն ընտրվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Նիկոլ Փաշինյանը գիտի` ինչ կանի, եթե վարչապետ ընտրվի ՀՀԿ–ի թեկնածուն

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո, որը կազմակերպել էր «Իմ քայլը» նախաձեռնությունը, ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը, որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։

Դրանից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը` ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է պայքարել իշխող ՀՀԿ–ի դեմ, որպեսզի նրանք վարչապետի պաշտոնում առաջ չմղեն իրենց թեկնածուին։