Սարգսյանը հանդիպել է դեսպանների հետ. ինչի՞ մասին են խոսել նրանք

Դեսպանները կարևորել են Հայաստանում իրավիճակի կարգավորման հարցում ՀՀ նախագահի դերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հաղորդագրության համաձայն` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի Սահմանադրության շրջանակներում և կարևորել են ՀՀ նախագահի դերն այդ գործում:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը:

Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին: