Սամվել Բաբայանին ազատ կարձակե՞ն

«Իգլայի» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Բաբայանին կարող են ազատ արձակել «մինի-ամնիստիայով»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Որոշ տեղեկություններով` առաջիկայում, իրավաբանական մի քանի վերանայումներից հետո, ազատ կարձակվի ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Սերժ Սարգսյանը բացատրել է` ինչու է հրաժարվել պաշտոնից. ՀՀԿ նախագահի հարցը դեռ կքննարկեն

«Այսպես են պնդում «կոմանդույուշչիի» կողմնակիցները: Ավելին՝ըստ նրանց, Կարեն Կարապետյանի ներկայացուցիչները հանդիպել են Բաբայանին, եւ չի բացառվում, որ եթե Կարապետյանը վարչապետ դառնա, «մինի-ամնիստիա» անի որոշ բանտարկյալների նկատմամբ, որպեսզի դիվիդենտները գնան Կարեն Կարապետյանի եւ ոչ Նիկոլ Փաշինյանի օգտին»,- նշված է հոդվածում:

Կարեն Կարապետյանին մոտ կանգնած աղբյուրը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս լուրը:

Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրանքի՝ նա նախնական համաձայնությամբ դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր և այն փոխադրել Հայաստան: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման: