Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց Երևանի անկարգապահ վարորդներին

Նա կարծում է, որ անբարեխիղճ վարորդների հետևում կանգնած են «որոշ ուժեր», որոնք ձգտում են հակահեղափոխական գործողություններ իրականացնել և խաթարել ակցիաների խաղաղ բնույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ է անվանել այն վարորդներին, որոնք «թավշյա հեղափոխության» շղարշի տակ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները և սպառնալիք ստեղծում հասարակական կարգի ու անվտանգության համար։ Նրա խոսքով` նման մարդկանց գործողություններն ուղղված են հեղափոխության դեմ։

«Իմ կարծիքով առանց պետհամարանիշների կամ համարանիշները փակած ավտոմեքենաների ճռիկները դրա հետ են կապված ու պատահական չեն: Փորձում են մարդկանց շրջանում հեղափոխությունից դժգոհություն առաջացնել: Հեղափոխության հաղթանակն ամենաթողությունը չէ, այլ բացարձակ հարգանքը համաքաղաքացիների նկատմամբ», — ասաց նա ապրիլի 26-ի երթի ընթացքում։

Նա համոզված է, որ անբարեխիղճ վարորդների հետևում կանգնած են «որոշ ուժեր», որոնք ձգտում են հակահեղափոխական գործողություններ իրականացնել և խաթարել ակցիաների խաղաղ բնույթը։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։