Նիկոլ Փաշինյանը չափազանց կարևոր ասելիք ունի

«Իմ քայլը» շարժման առաջնորդը ստրատեգիական որոշումների մասին կխոսի երեկոյան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քիչ առաջ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների և ուսանողական շարժման նիստը։

«Կայացրել ենք ստրատեգիական որոշումներ»,- նշում է նա և ավելացնում, որ այդ մասին մանրամասն կխոսի Հանրապետության հրապարակում նախատեսված այսօրվա հանրահավաքում։

Ըստ Փաշինյանի` ասելիքը չափազանց կարևոր, ստրատեգիական բնույթի է լինելու։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։