Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական վիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հանդիպել են գիշերը։

«Հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Ըստ նրա` քննարկումները կշարունակվեն։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան» խմբակցությունը` գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միացել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված պայքարին։ Կուսակցության մամուլի ծառայությունը նման բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել երկուշաբթի վարչապետի հրաժարականից րոպեներ առաջ։
Նախարարի պաշտոնակատարը հրաժարվում է իր ժամանակավոր աթոռից և դուրս գալիս փողոց

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։