Ցուցարարները Փաշինյանի նշած ժամանակից շուտ փակեցին Երևանի փողոցները

Այս պահին Երևանի տարբեր շրջաններում բողոքի քայլերթեր են անցկացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ցուցարարները մայրաքաղաքի մի շարք փողոցները փակել են «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման ղեկավարի նշանակած ժամկետից շուտ։

Երեկվա հանրահավաքի ժամանակ Փաշինյանը կոչ էր արել բողոքի ակցիան սկսել 12:00-ին։

Նիկոլ Փաշինյանը հրահանգեց. մնում է` ցուցարարները լսեն

Տվյալ պահին փակված է «Լամբադա» կամուրջը, միաժամանակ մի խումբ ուսանողներ փակել են Աբովյան և Կորյունի փողոցները։

Երթևեկությունը կրկին կաթվածահար է եղել։ Ցուցարարները մասամբ փակել են Ամիրյան փողոցն ու հորդորում են միանալ իրենց։

Նշենք, որ երեկվա հանրահավաքից հետո` այսօր «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդը մեկ այլ ուղերձ է հղել իր կողմնակիցներին և կոչ է արել դադարեցնել փակել Երևանի փողոցները։ Ցուցարարներն անտեսել են սեփական առաջնորդի կոչը։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։