Զախարովա. Մոսկվան հավատարիմ է արցախյան կարգավորման վերաբերյալ պարտավորություններին

Ռուսաստանի ԱԳՆ–ում կարծում են, որ արցախյան հակամարտությունն իսկական վերք է Հայաստանի և Ադրբեջանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կղեկավարվի իր պարտավորություններով արցախյան խնդրի լուծման հարցում։

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները` կապված տարածաշրջանային խնդրի հետ, որն իսկական վերք է Հայաստանի ու Ադրբեջանի համար, և կառաջնորդվենք այն պարտականությունների կատարմամբ, որոնք մենք ունենք», – նշեց ԱԳՆ ներկայացուցիչը։

Կրեմլը ներկայացրել է Նալբանդյանի այցելության մանրամասները

Նրա խոսքով` բոլոր դիվանագետները (Հայաստանի և Ռուսաստանի) պետք է մտածեն այն մասին, թե ինչպես ապրեն, զարգանան և կառուցեն համատեղ ապագան` հաշվի առնելով պատմական կապերը։

«Այն ամենը, ինչ կախված է եղել և կախված է Ռուսաստանի Դաշնությունից, որպեսզի այս կապերը կառուցվեն և ապագա ունենան, Ռուսաստանն արել է», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հինգշաբթի կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ինչպես արդեն հաղորդել ենք Զախարովան, մասնավորապես, քննարկվել է Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում տիրող իրավիճակը։

Նալբանդյանը մեկնել է Մոսկվա Երևանում կառավարության դեմ բողոքների ակցիաների օրերին։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։