Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է անցկացնում Մոսկվայում

Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը մանրամասներ է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին։

Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա

«Գիտեմ, որ նա (Էդվարդ Նալբանդյանը) ինքն է եկել։ Ես կապ եմ պահպանում, հայաստանցի պատգամավորների հետ էլ հենց նոր խոսեցի հեռախոսով։ Հանդիպում առայժմ չի նախատեսվում։ Որքան ինձ է հայտնի, նա հանդիպում չի խնդրել։ Հանդիպում է իր սխեմայով` որպես արտգործնախարարության ներկայացուցիչ», — ասել է Կալաշնիկովը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել։

Երեկ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Արմեն Սարգսյանը Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։