Բելառուսներն ուզում են Հայաստանի մասին ճշմարտությունն իմանալ. նախագահների զրույցը

Մինսկն ու Երևանը որոշել են Հայաստանում տիրող իրավիճակը լուսաբանելու համար լրագրողների մի մեծ խումբ ուղարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու հայ գործընկեր Արմեն Սարգսյանը հեռախոսով քննարկել են Երևանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացրել է ՌԴ դեսպանատունը

Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Սարգսյանը հաստատել է, որ Երևանում իրավիճակը դեռ բարդ է։

«Հայաստանի նախագահը նաև մանրամասն պատմել է հակամարտության պատմության, սխալների ու թերությունների, խորհրդարանում տիրող իրավիճակի ու խորհրդատվությունների մասին, որոնք նա անցկացնում է խորհրդարանական խմբակցությունների հետ», — հայտնում է մամուլի ծառայությունը։

Երկրի նախագահները վերահաստատել են` չի կարելի թույլ տալ, որ որևէ քաղաքացի խախտի Սահմանադրությունը, հատկապես` նոր կառավարության ձևավորման հարցում։ Ամեն ինչ պետք է լինի երկրի մայր օրենքի շրջանակում։

Երկրների ղեկավարները նաև համաձայնեցրել են հետագա գործողությունների ժամանակացույցը։ Նրանք պայմանավորվել են, որ մի խումբ լրագրողներ են գալու Հայաստան` երկրի իրադարձությունները լուսաբանելու համար։

«Բելառուսներն ուզում են ճշմարտությունն իմանալ Հայաստանում տիրող իրավիճակի մասին», — ընդգծել է Բելառուսի նախագահը։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։