Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը ձերբակալվել է

Ըստ նախնական տվյալների` «Օպել»–ի վարորդը մեքենան վարել է առանց պետհամարանիշերի, իսկ վթարից հետո փախուստի է դիմել դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, որը տեղի էր ունեցել ապրիլի 23-ի կեսգիշերին Երևանի Սարալանջի փողոցում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հարվածել էր փակած համարանիշներով ավտոմեքենան. 1 տարեկան երեխան մահացավ

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի առանց պետհամարանիշերի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին: Վթարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել:

Ապրիլի 26-ին մանկահասակ երեխան, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է։ Նրան ձերբակալել են։