Հարվածել էր փակած համարանիշներով ավտոմեքենան. 1 տարեկան երեխան մահացավ

ՃՏՊ–ի մեղավոր վարորդը երթևեկել է փակած համարանիշներով, նա հեռացել է դեպքի վայրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-ին Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած մեկ տարեկան երեխան մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Երեխան ծայրահեղ ծանր վիճակում էր։ Գրեթե հույս չկար, որ կապրի»,- ասաց Հայթայանը։

Ավտովթարը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին Սարալանջի փողոցում։ Ժամը 00:05-ի սահմանում Սարալանջի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Արզումանյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին։

Ավտոմեքենաների համարանիշները փակած վարորդները ստիպված կլինեն հսկայական տուգանք վճարել

Վարորդ Դ. Արզումանյանը, 45-ամյա Գևորգ Պապովը, 1 տարեկան Յուրի Պապովը, 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով` վարորդը կառավարումը կորցրել է այն բանից հետո, երբ ավտոմեքենային է բախվել փակ համարանիշներով մեկ այլ ավտոմեքենա։

Ոստիկանությունը հայտնում է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Սոցիալական ցանցերում շատերն են բողոքում փողոցներում երթևեկող այն ավտոմեքենաներից, որոնց վարորդները տարբեր հնարքներով փակում են պետհամարանիշները։ Մարդիկ հորդորում են ընդդմիադիր առաջնորդներին զսպել այդ վարորդներին, որոնց պատճառով քաղաքում իրավիճակն ամենաթողության է վերածվում։