Հայերի «անհնազանդության տոնը» ողբերգությունների է վերածվում ճանապարհներին

Թաքցնելու բան չէ, որ մենք, մեղմ ասած, չենք համակրում ճանապարհային ոստիկաններին, որովհետև տեղի ու անտեղի փորձում են տուգանել։
Sputnik

Վերջին օրերի քաղաքական դիմակայությունն ու հանրահավաքները հայերին «անհնազանդության» տոն նվիրեցին։ Այդ ընթացքում երկրի ողջախոհ բնակիչների բացարձակ մեծամասնությունը ստիպված եղավ մտածել բավականին հետաքրքիր թեմայի շուրջ։

Հարվածել էր փակած համարանիշներով ավտոմեքենան. 1 տարեկան երեխան մահացավ

Արդյո՞ք մենք արդար վերաբերմունք ունենք հենց այն ոստիկանների նկատմամբ, որոնց երբեմն այդքան կշտամբում ենք ու պնդում, որ առանց նրանց էլ մեքենաների երթևեկությունը, ասենք, Երևանում կամ Սևան տանող ճանապարհին ավելի անվտանգ ու հարմար կլիներ։

Դիմենք վիճակագրությանը, որը, ինչպես հայտնի է, ամենակարող է։ Հաշվենք, օրինակ, երկրում մեկ հոգուն բաժին ընկող մեքենաների քանակը կամ մեկ օրվա ընթացքում գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։

Հենց այդ առումով վիճակագրությունն այսօր ահազանգում է` պնդելով, որ Հայաստանում ձգձգված «անհնազանդության օրը» ցավալի հետևանքներ է ունեցել։

Պաշտոնական տվյալներն անգութ են. նախորդ երկու օրվա ընթացքում (ապրիլի 23-ից 25-ը) երկրում 36 ՃՏՊ է տեղի ունեցել, որոնց հետևանքով երեք մարդ մահացել են, իսկ 60-ը` մարմնական վնասվածքներ ստացել։ Նախորդ երկու օրերի ընթացքում (20-ից 22-ը) Հայաստանի ճանապարհներին 33 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, 42 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Համեմատենք ավելի վաղ շրջանի տվյալների հետ, օրինակ` ապրիլի 5-ի ու 6-ի։ Երբ ամբողջ երկրում հանրահավաքներ, քայերթեր ու ցույցեր չկային։ Երբ ճանապարհային ոստիկանությունն իր ողջ ուժով էր աշխատում ու թույլ չէր տալիս, որ Երևանի կենտրոնում երթևեկեն փակած համարանիշներով մեքենաները։

Ցուցարարները Փաշինյանի նշած ժամանակից շուտ փակեցին Երևանի փողոցները

Տարբերությունը հսկայական է։ Միայն 6 ՃՏՊ է գրանցվել, 6 մարդ է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել։

Հասկանալի է, որ երկրում լուրջ, կարելի է նույնիսկ ասել ճակատագրական փոփոխություններ են զարգանում։ Բայց բոլորովին պարտադիր չէ, որ ամենաթողությունը հասարակական ու քաղաքական զարգացումների պայման դառնա։

Պարտադիր չէ, որ քաղաքի ճանապարհներն ու խաչմերուկները փակող ցուցարարներն ու հեղափոխականները փակեն ավտովթարի վայր մեկնող շտապօգնության մեքենաների ճանապարհը։ Իսկ այդպիսի դեպքեր գրանցվել են։

Եվ ամենակարևորը։ Համաձայնեք` ճանապարհային ոստիկանության բացակայության պատճառով մահացածների ու հաշմանդամ դարձածների համար հայկական «թավշյա» հեղափոխության նույնիսկ ամենալավ ելքը շատ մեղմ սփոփանք կլինի։