Եթե ես ձեզ ասեմ` հեռանալու եմ ՀՀԿ–ից, դուք ինձ կհարգե՞ք. Արամյան

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը չմեկնաբանեց քաղաքական իրավիճակն ու ՀՀԿ–ի անելիքները, բայց վստահեցրեց, որ ինքն անձամբ կպահպանի իր արժանապատվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Թե ո՞վ է լինելու ապագա վարչապետի ՀՀԿ–ի թեկնածուն, ՀՀԿ անդամ, ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանին հայտնի չէ։ Այս մասին այսօր նա ասաց, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է։

Կարեն Կարապետյանի լիազորությունների դադարեցման, կամ ՀՀԿ ապագա անելիքների մասին Վարդան Արամյանը հրաժարվեց խոսել։

Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական ներկայացրին

«Խնդիր շատ պարզ է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս իրավիճակից առավելագույն օգուտներով ու նվազագույն ծախսերով կարողանանք դուրս գալ։ Նկատի ունեմ` և՛ ազգաբնակչության, և՛ տնտեսության համար»,– ասաց Արամյանը։

ՀՀԿ–ից իր հնարավոր հեռանալու և իշխանափոխությունից հետո պաշտոնավարելու հնարավորության մասին հարցին Արամյանը հարցով հակադարձեց. «Եթե ես ձեզ հիմա ասեմ` հեռանալու եմ ՀՀԿ–ից, դուք ինձ կհարգե՞ք»։

Կառավարությունը, առավել ևս` ֆինանսների նախարարությունն իրավունք չունի աշխատել ավելի քիչ, քան նախկինում։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը Վարդան Արամյանի խոսքով, քաղաքական երկխոսությունն ու օրենքի թելադրանքով շարժվելն է։