Թոշակներն ու աշխատավարձերը շուտ չեն բարձրանա. կառավարությունը պոպուլիստական քայլեր չի անի

Աշխատավարձերն ու թոշակները 2019-ից շուտ չեն բարձրանա։ ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պոպուլիստական քայլերը վտանգավոր է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Աշխատավարձերի ու թոշակների խոստացված բարձրացումը 2019թ-ից շուտ տեղի չի ունենա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը։

Անկախ առկա իրավիճակից ու սոցիալական դժգոհություններից, Վարդան Արամյանը բյուջեի վերանայումը ճիշտ չի համարում։

«2018թ-ի բյուջեն արդեն ընդունել է ԱԺ-ն, այդ պարագայում սխալ է գնալ որևիցե պոպուլիստական քայլերի։ Կառավարությունը պարտավոր է զգոնություն ցուցաբերել, չտրվել էմոցիաների և էմոցիաների տակ որևէ որոշում չկայացնել։ Դա խիստ վտանգավոր է»,- ասաց Արամյանը։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հուսով է, որ այս տարի կիրականացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են ընթացիկ տարվա բյուջեով։

Եթե ես ձեզ ասեմ` հեռանալու եմ ՀՀԿ–ից, դուք ինձ կհարգե՞ք. Արամյան

Ի դեպ, այսօր կառավարության նիստում քննարկվել ու հաստատվել է նաև անցած տարվա` 2017թ-ի պետական բյուջեի կատարողականը։

Ինչպես նիստից հետո հայտնեց Արամյանը, 2017թ-ին կառավարությանը հաջողվել շուրջ 20 միլիարդով կրճատել ստվերը, և նախատեսված 1 տրիլիոն 135 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 1 տրիլիոն 156 մլրդ դրամ հարկ։

2016-ի համեմատ 2017-ին ընթացիկ ծախսերը տնտեսվել են 24.7 մլրդ դրամով, փոխարենը` կապիտալ ծախսերն աճել են 48 մլրդ դրամով։

2017թ-ի բյուջեի կատարողականը ԱԺ կուղարկվի մայիսի 1-ին, որից հետո նախատեսվում է դրա առավել մանրամասն քննարկումը։