Կրեմլը ներկայացրել է Նալբանդյանի այցելության մանրամասները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը կարծում է, որ Հայաստանում իրադարձությունները բացառապես երկրի ներքին գործն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Կրեմլում բանակցություններ չեն նախատեսվում Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնյաների հետ, քննարկումները կանցկացվեն ԱԳՆ-ի և կառավարության գծով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է անցկացնում Մոսկվայում

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է անցկացնում Մոսկվայում։

Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև կկայանան կառուցողական շփումներ, որոնք թույլ կտան կարգավորել երկրում ստեղծված իրավիճակը։

«Կրեմլը հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակում», — ասաց նա։

Պեսկովը միաժամանակ հավելել է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունները բացառապես այդ երկրի ներքին գործն են։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։