Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի եվրապարտատոմսերի տոկոսները կտրուկ անկում են ապրել

Համաշխարհային ֆինանսական շուկան արձագանքում է հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին։ Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը հայաստանյան պարտատոմսերի տոկոսներն աճել էին, հետո` նվազել, հիմա նորից են աճում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայաստանյան եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ անկում է ապրել։ Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը` ցույց տալով Բլումբերգի ցուցանիշների գծապատկերը։ Նա նաև հավելեց, որ ապրիլի 24-ի առավոտից սկսած այն դարձյալ սկսել է աճ գրանցել։

Եթե ես ձեզ ասեմ` հեռանալու եմ ՀՀԿ–ից, դուք ինձ կհարգե՞ք. Արամյան

«Մինչև ապրիլի 13-ը մեր պարտատոմսերի վարքագիծը համահունչ էր համաշխարհային զարգացումներին։ Բայց, քանի որ ֆինանսական շուկաները շատ արագ են արձագանքում ցանկացած զարգացումներին, ապրիլի 13-23-ը մենք ունեցանք տոկոսադրույքների կտրուկ աճ։ Իսկ ամսի 24-ի առավոտյան, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետ ճնշումը նվազեց, մենք ունեցանք նվազեցում` մինչև 5.6%»,– ասաց Արամյանը։

Ի դեպ, նրա խոսքով, այսօր դարձյալ աճի միտում կա, ինչը նշանակում է, որ ֆինանսական շուկաները շարունակում են ռիսկային գնահատել Հայաստանում ստեղծված իրավիճակը, կամ, ինչպես Արամյանը բնորոշեց «ֆինանսական շուկաներում ներդրողներն անհանգստացել են» մեր երկրում տիրող իրավիճակից։

График прибыльности еврооблигаций

«Որքան երկարում է այս իրավիճակը, այնքան ավելի շատ է ազդում մեր տնտեսության վրա»,– ասաց Արամյանը` հավելելով, որ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող իրադարձությունները կարող են և չազդել Հայաստանի տնտեսության վրա, բայց շարունակական դրսևորումներն արդեն վտանգավոր կլինեն։