Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է վաղը նստել բանակցությունների սեղանի շուրջ

«Կամ ես կընտրվեմ վարչապետ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,– այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին դարձյալ հրավիրեց բանակցությունների: Այս մասին նա հայտարարեց այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում: Բանակցային հանդիպումը նշանակված է ապրիլի 27-ին, ժամը 12:00, «Մարիոթ» հյուրանոցում:

Զբոսաշրջիկները ակտիվորեն մասնակցում են բողոքի ակցիաներին, լուսանկարներ, տեսանյութեր անում

Փաշինյանի պարտադիր պայմանը լրագրողների ներկայությունն է հանդիպմանը: «Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Ժողովուրդը մեր ղեկավարն է, և պետք է հաշվետու լինենք նրան մեր ամեն քայլի համար»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից կան գործարքային առաջարկներ, բայց և վստահեցրեց, որ որևէ կուլիսային պայմանավորվածության չեն գնալու: «Մենք կոռումպացված ու հակաժողովրդական համակարգի հետ կոմպրոմիսների չենք գնալու: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հակաժողովրդական ու կոռումպացված համակարգի վերացումը»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով նոր ձևավորվող կառավարության մասին` «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավարն ասաց.  «Կամ ես կընտրվեմ վարչապետ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»: