Երեք ամսում Երևանում արձանագրվել է 133 ՃՏՊ, իսկ վերջին 10 օրում՝ 62

Վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն իրականացվել են առանց հաշվառման համարանիշերի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակի կտրուկ աճի հետ կապված ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մայրաքաղաքի փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։

«Արդեն տեղեկացվել է 2018թ. ապրիլի 23-ին երեկոյան Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով մահացել է մեկամյա երեխա և տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել երկու ուղևոր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկամյա երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը ձերբակալվել է

Հաղորդագրության համաձայն` վերջին օրերին արձանագրված ճանապարհատրանսպորտային հանցագործությունների փաստերով քննության տվյալները վկայում են, որ դրանց զգալի մասն առանց հաշվառման համարանիշերի կամ դրանք թաքցված ավտոմեքենաներով, ճանապարհային երթևեկության այլ կանոնների ակնհայտ և կոպտագույն խախտումներով երթևեկելու, այդ կերպ վարքագծի համընդհանուր կանոնները, բարոյական և իրավական նորմերը, այլ անձանց իրավունքներն ու ազատություններն արհամարհելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ուղղակի հետևանք են:

Հաղորդագրության մեջ նշված վիճակագրական տվյալների համաձայն` եթե 2018թ. առաջին երեք ամիսներին միասին վերցված Երևան քաղաքում արձանագրվել է 133 ճանապարհատրանսպորտային հանցագործության դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 62: Ընդ որում՝ եթե այդ հանցագործությունների հետևանքով նշված եռամսյակի ընթացքում մահվան ելք է ունեցել 17 դեպք, ապա միայն վերջին 10 օրում՝ 5 դեպք:

ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ և ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները ճանապարհատրանսպորտային հանցագործություններ կատարած անձանց բացահայտման և քրեաիրավական միջոցների խստացման ուղղությամբ: