Դավիթ Տոնոյանը պատմեց` ինչի մասին է խոսել ընդդիմության ներկայացուցիչների հետ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն արձագանքել է «Ելքի» առաջարկած պաշտոնի մասին լուրերին և պատմել, թե իրականում ինչի մասին է խոսել ընդդիմության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` չի հերքել, որ վերջին օրերին հանդիպել ու զրուցել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, բայց իրեն առաջարկվող պաշտոնի մասին չեն խոսել։

Եթե ես ձեզ ասեմ` հեռանալու եմ ՀՀԿ–ից, դուք ինձ կհարգե՞ք. Արամյան

«Ստեղծված արտակարգ քաղաքական իրավիճակում իմ ամենօրյա և՛ հեռախոսային շփումները, և՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ կապված են բացարձակապես հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»,- ասաց Տոնոյանը:

Նա նաև հայտնեց, որ չի պատրաստվում արձագանքել որևիցե պաշտոնի առաջարկի, իսկ ԱԻ նախարարի պարտականությունները շարունակելու է իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ նախագահը չի ազատել պարտականությունների կատարումից։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել` նշելով, որ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:

Ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։