Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարական ներկայացրին

Իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունից հետո պաշտոններից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՀՅԴ անդամ դաշնակցական բարձրաստիճան պաշտոնյաները։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարը հրաժարվում է իր ժամանակավոր աթոռից և դուրս գալիս փողոց

Հրաժարական ներկայացրած պաշտոնյաների թվում են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը։

Նրանք իրենց հրաժարականները հիմնավորել են քաղաքական կոալիցիայի մասնակցության դադարեցման վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությամբ։

Հիշեցնենք` նախարարական 3 և մարզպետների 2 պորտֆելները ՀՅԴ-ն ստացել էր 2017թ-ին ՀՀԿ-ի հետ ստորագրած կոալիցիոն համաձայնագրի արդյունքում։

Հուշագիրը պետք է գործեր մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված էին քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել էր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Սարգսյանը նոր ուղերձ է հղել

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։