Միանում եմ բոլորիդ և հավատում` նպատակներին կարելի է հասնել խաղաղ և արժանապատիվ ճանապարհով

Լևոն Արոնյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար մեր ջանքերը պետք է լինեն համառ ու գիտակից այնպես ինչպես շախմատում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայ շախմատիստ, գրոսմայստերԼևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ միանում է այս պայքարին և որ հպարտ է ժողովրդի միասնականությամբ և քաջությամբ։

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետևելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը և իշխանության ցուցաբերած իմաստուն և հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել նաև շախմատի մեր թիմը: Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում:

Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց Երևանի անկարգապահ վարորդներին

Միանում եմ բոլորիդ Հայաստանում ու սփյուռքում և հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ եւ արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող է վտանգել են այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ: Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ ու գիտակից: Առողջ և մրցունակ տնտեսությունը, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի եւ ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են, որոնք բերում են զարգացման: Եկեք քայլենք այդ ուղղությամբ:

Անչափ կարևոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով: Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին եւ հողին:

Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»,–գրել է Արոնյանը: