ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի ու Ղազախստանի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի մասին կարծիքներ են փոխնակել։ Այս մասին հայտնում է ղազախ առաջնորդի մամուլի ծառայությունը։
Նուրսուլթան Նազարբաևը Հայաստանի բարեկամական ժողովրդին խաղաղություն ու հանգստություն է մաղթել, կարևորել է ստեղծված ճգնաժամի լուծումը բոլոր կողմերի երկխոսության միջոցով` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան և իրավունքի գերակայության հիման վրա։
Խոսակցությունը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։