Բաբլոյանը ՀՀ վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել

ԱԺ նախագահը հայտնել է` երբ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի` վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարությունը հրապարակել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։