Ես հավատում եմ, որ Սիրիայի զարգացման մեջ հայ համայնքի դերը մեծ է. Բաշար ալ-Ասադ

Ասադը կարծում է, որ անկախ ազգային պատկանելիությունից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա երկրի զարգացման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին հյուրընկալելիս:

Ինչպես տեղեկացնում է «Գանձասար» պաշտոնաթերթը, Ասադի հյուրընկալած պատվիրակության կազմում եղել են Հալեպի հայկական համայնքի, մասնավորապես Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչներից՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ:

Հայաստանը ձեռքերը ծալած չի նստի Սիրիայի հարցում. Սաֆրաստյան

Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման գործում հայ համայնքի կարևոր դերի մասին:

«Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», — ասել է Ասադը՝ շեշտելով, որ ներկայում իրենց առաջ կանգնած մարտահրավերները ոչ միայն պատերազմի ընթացքում երկրում քանդված ենթակառուցվածքների վերականգնումն է, այլ նաև սիրիական հասարակության ամբողջական վերականգնումը՝ իր ամբողջական բազմաշերտ ու գունեղ հյուսվածքով:

Սիրիայի նախագահի խոսքով` այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն ու համագործակցելով զարգացնեն մեր երկիրը:

«Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», — ասել է Սիրիայի առաջնորդը:

Президент Сирии Башар Асад принял представителей армянской общины (23 апреля 2018). Сирия