Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահի պաշտոնից էլ կհեռանա՞

Քննարկվո՞ւմ է արդյոք վարչապետի պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահությունից հեռանալու հարցը։ Այս հարցին պատասխանել է խմբակցության ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներն ընդդիմության կողմ չեն անցնի։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին` քննարկվում է արդյոք վարչապետի պաշտոնից հեռացած Սերժ Սարգսյանի` ՀՀԿ նախագահությունից հեռանալու հարցը, Բաղդասարյանը պատասխանեց.

«Մենք կդիտարկենք նման քննարկումների հնարավորությունը»։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։