Ռուսաստանն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Հայաստանում անցկացվող ցույցերի մասին

Արտաքին քաղաքական գերատեսչությունը հրապարակել է Իրավիճակային–ճգնաժամային կենտրոնի բաժանմունքի տեղեկատվական ամփոփագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին խուսափել Երևանում մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից։

Այդ մասին նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանում` Երևանում, ցույցերի նոր ալիք է մեկնարկում, ակցիաները խաղաղ բնույթ ունեն, խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից», — նշվում է հաղորդագրությունում։

Ներկա պահին Երևանում ընթանում է Փաշինյանի կողմնակիցների բազմահազարանոց ակցիան։ Ցուցարարները պահանջում են իշխանությունից հեռացնել իշխող Հանրապետական կուսակցության բոլոր անդամներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։