ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հնդկական հեղինակավոր Outlook զբոսաշրջային կայքը Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ հայկական եկեղեցին ներառել է զբոսաշրջային այցելության համար պարտադիր տեսարժան վայրերի ցանկում։
«Մինչ բոլորը խոսում են Իրանի` որպես միջուկային գերտերության մասին, մենք ցանկանում ենք հիշեցնել, թե որքան հրաշալի է այդ երկիրն իր չբացահայտված գանձարաններով և զարմանալիորեն բարեհամբույր մարդկանցով», — գրում է կայքը` նշելով, որ որոշ վայրեր ուղղակի չի կարելի անուշադրության մատնել։
Պատմելով Սպահանի մասին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սի-օ-սե-պոլ կամուրջն անցնելիս անպայման պետք է մտնել Ջուլֆայի հայկական թաղամաս։
Այստեղ կարելի է այցելել XVII դարում կառուցված տաճար։ Եկեղեցու պատերը առատորեն զարդարված են բազմագույն զարդանախշերով, ոսկեգույն փորագրությամբ և գեղարվեստական հախճասալիկներով։
«Հարևանությամբ գտնվող թանգարանում կարելի է տեսնել ցուցանմուշներ, որոնք հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին», — նշված է հրապարակման մեջ։
Must see ցուցակում նշվում են նաև Թեհրան, Յազդ, Շիրազ, Մասուլե քաղաքները։
Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական եկեղեցին ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի եկեղեցին կդառնա հին պարսակական հողում չորրորդ հայկական կրոնական շինությունը, որը ներառված է այդ ցուցակում։