Ոստիկանությունն ուժերը կենտրոնացնում է ՀՀԿ գրասենյակի ու կառավարության մոտ

Ոստիկանությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է Երևանի Մելիք Ադամյան փողոցում` ՀՀԿ գրասենյակի ու կառավարության շենքի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ոստիկանության մեծաքանակ ուժեր այս պահին Երևանի կենտրոնական փողոցներից տեղափոխվում են Մելիք Ադամյան փողոց։ Այս փողոցում է գտնվում ՀՀԿ գրասենյակը և ՀՀ կառավարության շենքի հետնամուտքը։

Մինչ այդ ոստիկանական զինտեխնիկան ու հատուկ միջոցները կենտրոնացված էին հիմնականում Վազգեն Սարգսյան փողոցում։ Սակայն, հրահանգ ստանալուց հետո, ոստիկանության ծառայողները դուրս բերեցին դրանք և ուղղություն վերցրեցին Դեղատան, Մհեր Մկրտչյան փողոցներով դեպի Մելիք Ադամյան։ Ոստիկանության տեխնիկային ու հատուկ ավտոմեքենաներին վազքով հետևեցին նաև ոստիկանության ծառայողները։

Երևանում կրկին բողոքի ակցիաներ են

Այժմ Մելիք Ադամյան փողոցում մեծ թվով ոստիկանության ծառայողական մարդատար ավտոբուսներ ու ավտոմեքենաներ են կանգնած, զրահամեքենաներ ու փշալարեր տեղափոխելու համար հատուկ ավտոմեքենաներ։

Փողոցը փակ է, բայց ոչ փշալարերով։

Հետաքրքրական է, որ փողոցում ոստիկաններին հանդիպելիս ցուցարարները ողջունում են նրանց, ողջագուրվում ու հայտարարում` ոստիկանը մերն է։ Ի նշան` ոստիկանները փորձում են անտարբեր լինել ու չպատասխանել։ Բայց որոշ ոստիկաններ ժպիտով են դիմավորում ցուցարարներին ու ողջագուրվում նրանց հետ։

Միաժամանակ, ցուցարարները Երևանի տարբեր հատվածներից ևս ուղղություն են վերցրել դեպի Երևանի կենտրոն` Հանրապետության հրապարակ։

Այստեղ նախանշված է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։