ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ոստիկանությունը։
Ոստիկանությունն ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում է, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում:
«Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:
Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով:
Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից:
Ոստիկանությունն ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ է անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից:
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։