Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ

Պուտին–Սարգսյան հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հայաստանյան իրադարձությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը Սարգսյանի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը։

Պուտինը և Սարգսյանն ընդգծել են, որ Հայաստանում ճգնաժամը հաղթահարելու համար երկրի ուժերը պետք է դրսևորեն զսպվածություն և երկխոսության պատրաստակամություն։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։