Սթափվեք, տղե´րք . Հայաստանի ոստիկանապետը դիմել է հանրությանը

Վլադիմիր Գասպարյանը վստահեցնում է` առանց ոստիկանության չկա պետություն, ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համաքաղաքացիներին դիմել է և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի:

Երթերին ավտոմեքենայով մասնակցողը պետք է հարգի մյուսների իրավունքները. հայտարարություն

«Հիշե´ք` ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:
Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս»,- նշված է ոստիկանապետի ուղերձում:
Գասպարյանն ընդգծում է` պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով և կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում, ինչն անթույլատրելի է:

«Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը: Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաև բանակը տրոհելու փորձերից»,- ասել է Գասպարյանը:

Նրա խոսքով` բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:

«Նման բան թույլ տալ չի կարելի:Ուստի դիմում եմ բոլորին: Սթափվեք, տղե´րք:Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին»,- ասել է ոստիկանապետը:

Նա ընդգծել է` առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության:
Գասպարյանը դիմել է նաև զինակից ոստիկաններին:

«Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու և ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին»,- ասել է նա:

Ոստիկանապետը համոզմունք է հայտնել, որ բոլորի հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվեն բոլորը: